вторник, 14 ноября 2023 г.

«ՄԻ ԲՈՒՌ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ»

 

ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ-ԲԱՆԱՎԵՃ


Բարության միջազգային օրվա կապակցությամբ Ավանի մշակույթի տանը կազմակերպվել էր ինտերակտիվ միջոցառում-բանավեճ «Մի բուռ բարություն» խորագրով:


Միջոցառման ընթացքում Ավանի մշակույթի տան
«Հրաշամանուկ» թատրոն-ստուդիայի սաները ցուցադրեցին իրավիճակներ, որոնք ունեին երկու հանգուցալուծում՝ «չար» և «բարի»: 

Յուրաքանչյուր իրավիճակ դիտելուց հետո մասնակիցների միջև ծավալվեց զրույց-բանավեճ-քննարկում: Դահլիճում մի քանի սերունդների ներկայացուցիչներ էին, և դա բանավեճն էլ ավելի սրեց և հետաքրքիր դարձրեց:










Այնուհետև մասնակիցները բաժանվեցին խմբերի և յուրաքանչյուր խումբ «ԲԱՐՈՒԹՅՈՒՆ» բառի իր տառով գրեց ակրոստիքոսի իր տողը, իսկ 1-ին խումբը նույնիսկ գրեց ամբողջական ակրոստիքոս:

               

                      
Միջոցառման ավարտին մասնակիցները փոքրիկ կպչուն թղթիկների վրա գրեցին բարեմաղթանքներ և փակցրեցին «Բարության ծառի» վրա:

   

Նման ձևաչափով երբեք միջոցառում չէինք արել, շատ հետաքրքիր էր, ուսուցողական և տարբերվող: Այլևս նման ձևաչափով միջոցառումները կդառնան մեր տարեկան ծրագրի պարտադիր մասը:

Շնորհավորում ենք նաև «Հրաշամանուկ» թատրոն-ստուդիայի սաներին՝ գեղեցիկ ելույթի համար՝ հատկապես այն սաներին, որոնց համար սա առաջին բեմելն էր…


«Փորձեք լինել գոնե մի փոքր բարի և դուք կտեսնեք, որ այլևս ի վիճակի չեք վատ արարք կատարելու» (Կոնֆուցիոս):

ՏԻՐ ԱՎԱՆՑԻ

воскресенье, 12 ноября 2023 г.

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՈՐԱԿԻ

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ԽՈՐԵՈԳՐԱՖ» ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԻ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

 - Նոյեմբերի 4-ին Ավանի մշակույթի տանն իսկական պարային տոն էր: Հյուրընկալել էինք պարարվեստի երևելի գործիչների: Կազմակերպվել էր հանդիպում-վարպետության դաս «Խորեոգրաֆ» պարարվեստի կենտրոնի ներկայացուցիչների հետ: Այս անգամ մշակույթի տան հյուրերն էին Երևանի Պարարվեստի պետական քոլեջի վաստակաշատ մանկավարժներ՝ «Ժողբնորոշ և պատմական պարերի» մեթոդմիավորման նախագահ, «Խորեոգրաֆ» պարարվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն՝ Աշխեն Բոյաջյանը, «Հայկական պարի»  պարուսույց, Հայաստանի պարի պետական անսամբլի մենապարուհի, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ` Սրբուհի Բաբայանը և Ռուսաստանի դաշնության «Դասական պարի» առաջին կարգի պարուսույց, պրոֆեսոր, Երևանի պարարվեստի պետական քոլեջի «Դասական պարի» պարուսույց, բեմական արտադրական պրակտիկայի վարիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի պրիմա բալերինա Մարինա Գրիգորյանը։

Այս գեղեցիկ նախաձեռնության մասին զրուցեցինք «Ավանի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի տնօրենության և պարային բաժնի ուսուցիչների հետ:

- Պարո՛ն Առաքելյան, արդյո՞ք խորացնում եք համագործակցությունը «Խորեոգրաֆ» պարարվեստի կենտրոնի հետ, թե՞ սա ուղղակի տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված հերթական միջոցառումն էր:

- Այո, նպատակ կա խորացնելու համագործակցությունը այս կենտրոնի հետ, քանի որ այն հրաշալիորեն տեղավորվում է մեր նախաձեռնած «Համագործակցություն հանուն որակի» ծրագրի տրամաբանության մեջ: Նաև նշեմ, որ տարեկան աշխատանքնային ծրագրով ևս նախատեսված են նմանատիպ միջոցառումներ:

- «Համագործակցություն հանուն որակի». որպես ծրագրի վերնագիր գեղեցիկ է հնչում… Իսկ ի՞նչ բովանդակություն է կրում և որն է այս ծրագրի գերնպատակը:

- Այո, գեղեցիկ է ոչ միայն վերնագիրը, նաև գաղափարը: Իսկ գաղափարը, կամ գերնպատակը ոչ ավել, ոչ պակաս սահմանված է վերնագրում: Դեռ անցած տարի ենք նախաձեռնել այս ծրագիրը, որի շրջանակում էլ կազմակերպեցինք առաջին հանդիպումը  «Խորեոգրաֆ» պարարվեստի կենտրոնի հետ: Տարվա ընթացքում՝ այս ծրագրի շրջանակներում, եղան տարբեր համագործակցություններ, որոնք հիմք դրեցին մշակույթի տան և ծրագրին միացած կենտրոնների, ուսումնական հաստատությունների առողջ գործընկերությանը: Այս ուսումնական տարում ծրագիրը նորովի գործարկեցինք, մեծացնելով համագործակցության աշխարհագրությունը, որի արդյունքում արդեն կյանքի են կոչվել մի քանի նոր և արդյունավետ նախագծեր, որոնց մեջ իհարկե իր առանձնահատուկ կարևորությունն ունի «Խորեոգրաֆ» պարարվեստի կենտրոնը: 

- Տիկի՛ն Գասպարյան, ինչո՞ւ  հենց «Խորեոգրաֆ» պարարվեստի կենտրոնը:

 - «Խորեոգրաֆ» պարարվեստի կենտրոնի հետ համագործակցությունը սկսել ենք դեռ անցյալ տարի շնորհիվ մշակույթի տան «Ին-Յան» դասական պարի դպրոց-ստուդիայի գեղարվեստական ղեկավար և պարուսույց Հասմիկ Ղուլյանի: Տիկին Ղուլյանը ակամա դարձավ կամուրջ Ավանի մշակույթի տան և «Խորեոգրաֆ» պարարվեստի կենտրոնի միջև։

Կենտրոնի տնօրեն Աշխեն Բոյաջյանը մշակել է վերապատրաստման մի ծրագիր, որի նպատակն է պարախմբերի և ստուդիաների պարուսույցներին ցուցաբերել մասնագիտական աջակցություն՝ գրագետ բեմադրություններ կատարելու գործում։

Ծրագիրը, որի շրջանակներում սկսեցինք աշխատել, կոչեցինք՝ «Համագործակցություն հանսուն որակի»։ Անժխտելի փաստ է, որ այսօր կարող ուժ է այն մանկավարժը, որը քննադատաբար է մտածում, ճիշտ նպատակներ է սահմանում, նախաձեռնող է, կանխատեսող և ամենակարևորը՝ կարողանում է համագործակցել։

Մշակույթի տան մանկավարժ-պարուսույցները բաց են համագործակցության համար, և նմանատիպ հանդիպում-միջոցառումները բարելավում են աշխատանքային, ուսումնական գործընթացը, շտկում բացթողումներն ու թերությունները։

- Արդյո՞ք գերագնահատված չէ նման միջոցառումների արդյունավետությունը։

- Այս տեսակ հանդիպում-քննարկումները յուրահատուկ ստուգատես է ինչպես պարուսույցների, այնպես էլ սաների համար։ Երբեք ոչ մի աշխատանք անարդյունք չի մնում, հատկապես երբ դա արվում է սիրով: Երբևէ ոչինչ չենք գերագնահատում, պարզապես փորձում ենք մոտենալ կատարյալ որակի, և ցուցաբերել ձեռնահաս, պատշաճ մոտեցում։

- Հարգելի՛ Տաթև, ի՞նչ ձևաչափ էիք ընտրել միջոցառման համար և արդյո՞ք արդարացան սպասելիքները։

- Միջոցառումը բաղկացած էր 2 մասից` հարց ու պատասխան և վարպետության դաս։ 1-ին մասում Ավանի մշակույթի տան բոլոր պարային խմբերի սաները հնարավորություն ունեցան պարարվեստի լավագույն գործիչներից ստանալ իրենց հուզող հարցերի սպառիչ պատասխանները։ Արդյունքում ստացվեց հետաքրքիր և բովանդակալից զրույց։

Միջոցառման 2-րդ մասում ցուցադրական համարներով հանդես եկան «Ին-Յան» և «Գևորգյանս» պարային խմբերի սաները, ինչին հաջորդեց վարպետության դասը։

Այս ձևաչափում սա մեր առաջին միջոցառումն էր, որը միանշանակ ստացված է ու արդյունավետ։ Առաջիկայում կկազմակերպենք նույնաբովանդակ միջոցառումներ նաև մյուս խմբերի համար։

- Այսպիսի միջոցառումներն ունե՞ն կազմակերպչական դժվարություններ։

- Այսպիսի միջոցառումներ կազմակերպելիս ամենաբարդն ու պատասխանատուն լավագույն մասնագետներին գտնելն ու հրավիրելն է։ Այս պարագայում նման խնդիր չենք ունեցել, քանի որ առաջին անգամ չէր, որ համագործակցում էինք «Խորեոգրաֆ» կենտրոնի ներկայացուցիչների հետ և վստահ էինք, որ շատ մշակութային օր էինք ունենալու։

- Ընկե՛ր Հասմիկ, դեռ Խորհրդային ժամանակներից եկող անհասկանալի դատողություն կա, որ մշակույթի տներում խմբակները գործում են բացառապես սիրողական սկզբունքով և բարձր պահանջներ չի դրվում; Այս պարագայում ինչպե՞ս է ստացվում, որ Դուք Ավանի մշակույթի տանը ստեղծել եք դասական պարի դպրոց, և դեռ ավելին, կարողացել եք դառնալ «Խորեոգրաֆ» պարարվեստի կենտրոնի համերգների կարևոր մասնակիցներից մեկը:

- Դեռ 1996 թ.-ին, ընդունվելով պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ, բառացիորեն սիրահարվեցի դասական պարին։ Հետևելով ուսուցիչներիս ու ղեկավարիս դասավանդմանն ու պարի հանդեպ մոտեցմանը' ինքս նպատակ դրեցի, որ մի օր ես էլ կդառնամ նրանց ավանդի շարունակողը։ Այն ժամանակ էլ կային սիրողական խմբակներ, բայց ծնողներս ինձ տարան հենց «Բարեկամություն», որտեղի կարգապահությունն ու ստանդարտների մակարդակը ոչ մի աղերս չուներ մյուս խմբակների պահանջների հետ։

 2018 թ.-ին, ականջալուր չլինելով շրջապատի կանխատեսումներին, ռիսկային որոշում կայացրեցի` բացել իմ ստուդիան, որտեղ կդասավանդվի պար` բացառապես դասականի հիմունքներով և բարձր պահանջներով, չի տրվի ժամանակի վայրիվերումներին, կպահպանի ավանդականն ու ազգայինը։ Սա կկոտրեր սովետական դատողության կարծրատիպը և կդառնար իմ տարբերանշանը։

Բայց նման պատասխանատու աշխատանք ձեռնարկելիս, պարտադիր է անընդհատ ինքնակատարելագործվել, ինքնակրթվել. չէ՞որ արվեստն անընդհատ պետք է բացահայտել և կատարելագործել, դրանով պետք է ոգեշնչվել ու ստեղծագործել։

Այս նպատակով սկսեցի վերապատրաստման դասերի հաճախել «Խորեոգրաֆ» պարարվեստի կենտրոնում, ինչի արդյունքում իմ խումբը դարձավ սիրելի կենտրոնի կազմակերպած համերգների մասնակիցներից մեկը։

- Ընկե՛ր Գալինա, որպես «Խորեոգրաֆ» պարարվեստի կենտրոնում վերապատրաստված պարուսույց, արդյո՞ք ունեիք անհանգստություն և մտավախություն, որ ինչ որ բան կարող էր այնպես չստացվել, չէ՞ որ որոշակի առումով նաև հաշվետու էիք Ձեզ վերապատրաստող դասախոսների առջև:

- Մտավախություն չկար, քանի որ ուսանողական կյանքս և պարարվեստի ոլորտում պրոֆեսիոնալ կրթությունս ստացել եմ նույն մասնագետների մոտ՝ սովորելով՝ Պարարվեստի պետական քոլեջում: Իհարկե կար անհանգստություն, քանի որ գիտակցում էի, թե ովքեր էին մեր հյուրերը և ում եմ ներկայացնում կատարածս աշխատանքը։ Լինելով իրենց ուսանողը էլ ավելի պարտավորեցնող էր ճիշտ ներկայանալը։ Իսկ հանդիպման ժամանակ նրանց կողմից տրված խորհուրդները, կօգնեն ինձ դասապրոցեսներիս ընթացքում։ Շատ հետաքրքիր և ուսուցողական են այս ձևաչափով կազմակերպված հանդիպում-միջոցառումները։ Շնորհակալություն «Խորեոգրաֆ» պարարվեստի կենտրոնի վերապատրաստող մասնագետներին հագեցած և բովանդակալից զրույցի և վարպետության դասի համար։

- Իսկ ի՞նչ են տալիս այդ վերապատրաստումները, արդյո՞ք այնտեղ ձեռքբերած հմտությունները օգնում են Ձեզ դասավանդման ընթացքում:   

«Խորեոգրաֆ» պարարվեստի կենտրոնում վերապատրաստվելով՝ վերհիշեցի և սովորեցի որոշ պարային էլեմենտների ճշգրիտ կատարումները, որոնք կօգնեն էլ ավելի գրագետ և ճիշտ դասավանդել դասապրոցեսներիս ընթացքում։ Ցանկությունս մեծ է եղել մասնակցել այդ վերապատրաստումներին, քանի որ ընտրած ձևաչափը և սահմանած բարձր նշաձողն ինձ համար գոհացնող էին, և շարունակելու եմ վերապատրաստվել այս պրոֆեսիոնալ և ջերմ կոլեկտիվում։


Պարային խմբերի սաները անհամբերությամբ էին սպասում պատվելի հյուրերին, քանի որ բազմաթիվ հարցեր ունեին նրանց հղելու, որի հնարավորությունը տալիս էր միջոցառման ձևաչափը: Սիրով ներկայացնենք հատվածներ այդ չափազանց մշակութային զրույցից:

Աշխեն Բոյաջյան – Շատ ուրախ ենք այսօր այստեղ գտնվելու համար… Նախապես ասեմ, որ ձեր պարային հագուկապով մեզ միանգամից գերեցիք, մեր աչքը շոյեցիք ինչը չափազանց հաճելի է: Կարծում եմ շատ գեղեցիկ երեկո կունենանք, կզրուցենք ձեզ հետաքրքրող բոլոր թեմաների շուրջ և սիրով կպատասխանենք ձեր բոլոր հարցերին:

- Հարգարժա՛ն Սրբուհի Բաբայան, ո՞րն է ազգագրական և ժողովրդական պարերի տարբերությունը։

- Ազգագրականի հիմքում ընկած է ազգի նյութական և հոգևոր մշակույթը, սովորույթները, ազգային առանձնահատկությունները: Ազգագրական պարը ստեղծում է հայ ժողովրդի հոգեբանությունը և զգացմունքային աշխարհը նկարագրող մի մշակույթ, որը և հայ պարարվեստն է: Իսկ ժողովրդական պարը, ըստ էության, տարբերվում է ազգագրականից։ Այն ղեկավարվելով դասական և բալետային պարի ներկայացուցիչների կողմից, ենթարկվել է բազմաթիվ մշակումների: Ազգագրությունից ծնվել են բազմաթիվ ժողովրդաական ստեղծագործություններ։

- Հարգելի՛ Աշխեն Բոյաջյան, արդյո՞ք ճիշտ եք համարում, երբ ազգային պարերը հաճախ ձևափոխված են ներկայացնում։

- Շնորհակալություն հարցի համար, սա շատ ցավոտ հարց է։ Ես գտնում եմ, որ որևէ ազգային պար ձևափոխելու, առավել ևս երբ այդ ձևափոխումը հետո բերում է աղավաղումներ՝ ոչ մեկը իրավունք չունի: Յուրաքանչյուր ազգ արտահայտում է իր ուրույն բնավորությունը և այդ ամենը մատուցելիս պետք է լինել չափազանց զգույշ և ուշադիր: Իրավունք չկա խառնելու օրնակ երկու ազգերի պարային տարրերը: Դա գալիս է չիմացությունից, գիտելիքի պակասից: Հենց նաև դրա համար է հիմնվել մեր կենտրոնը, որպեսզի մենք օգնենք մեր պարուսույցներին աշխատել ավելի գրագետ ու ճիշտ, և սաներին մատուցել ճիշտ գիտելիք:

- Հարգելի՛ Աշխեն Բոյաջյան, մենք՝ հայերս, ուսումնասիրում ու կատարում ենք տարբեր ազգերի պարեր, սակայն ուրիշ ազգերը նույն եռանդով չեն ուսումնասիրում և չեն պարում հայկական պարեր: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ, և կգա՞ ժամանակ, որ նրանք նույնպես կպարեն մեր հայկական պարերը:

- Դա այդքան էլ այդպես չէ: Ամբողջ աշխարհում կան բազմաթիվ խմբեր, որոնց պարուսույցները հայ ազգի ներկայացուցիչներ են, բայց այդ պարախմբեր հաճախում են տարբեր ազգերի երեխաներ, և իրենք պարում են հայկական պար, և հաճույքով ու սիրով են պարում: Նաև կան այլ երկրների բազմաթիվ պետական և պրոֆեսիոնալ պարախմբեր, որոնց պարացանկում կան հայկական պարեր: Այլ խնդիր է, երբ հաճախ մենք  ինքներս ենք նախընտրում սովորել այլազգի պարեր չիմանալով մեր ազգայինը, ժողովրդականը:

- Հարցս ուղղում եմ Մարինա Գրիգորյանին, ի՞նչ խորհուրդ կտաք մեզ՝ պարողներիս:

- Եթե սիրում եք պարը, ուրեմն խորհուրդ կտամ չհանձնվեք, տանջվեք, չխղճաք ձեզ, ձեր մարմինը: Շատ կարևոր են գիտելիքները, պետք է զարգացած լինեք, կրթված: Բացի մարմնի ֆիզիկական զարգացումից, պարողների համար շատ կարևոր է նաև մտավոր զարգացումը: Դուք պետք է շատ լավ սովորեք, գերազանցիկ լինեք: Պետք է արտիստը խելացի աչքեր, խելացի հայացք ունենա, բեմում մարդու դատարկությունն իսկույն երևում է: Այսպիսով՝ կրթվեք, զարգացեք և ձեզ մի խղճացեք…


- Հարգելի՛ Մարինա Գրիգորյան, դուք հիմա մեծ ճանաչում ունեք, խնդրում եմ ասեք, ի՞նչ դժվարությունների միջով եք անցել:

- Ամենափոքր տարիքից շատ սիրել եմ դասական պարը, բալետը, բայց դժվարություններ շատ են եղել: Նախ մենք պարել ենք 90-ականների դժվարին տարիներին, որ ոչ ջուր կար, ոչ լույս, ոչ ջեռուցում, բայց մեր դահլիճները լեփ-լեցուն էին, հանդիսականները նստում էին վերարկուներով, և միշտ շատ ծաղիկներ էին բերում, պարտադիր: Մենք պարտավոր էինք պահել բալետը, որ Հայաստանը ունենա բարձր արվեստ: Մյուս դժվարությունը վնասվածքներն են, որից խուսափել գրեթե չի հաջողվում: Իհարկե դա գալիս է քիչ գիտելիք ունենալուց, ժամանակին այսքան շատ գիտելիք չունեինք, հիմա ունենք ու աշխատում ենք, որ մեր սաները ճիշտ պարապեն, ճիշտ ոտքը դնեն, որ ծունկը չվնասվի, թաթը չծռվի… Նորից, նորից, նորից գիտելիք: Ուրիշ դժավություն չկար, միայն բեմ դուրս գալու հաճույք և երջանկություն, հատկապես երբ դահլիճը հոտընկայս ծափահարում է ու կրկին կանչում պակլոնի, այդ ժամանակ բոլոր դժվարությունները մոռացվում են… Շատ դժվար է աշխատանքի մեջ, անչափ հաճելի է բեմում վայելել այն ինչի հասել եք այդ դժվար աշխատանքի արդյունքում:

- Հարցս ուղղում եմ մեր հյուրերին. Ձեր կարծիքով պարարվեստում հաջողության հասնելու գրավականը ո՞րն է:

Աշխեն Բոյաջյան – Մեծ սերը և համառությունը:

Մարինա Գրիգորյան – Ամենաառաջինը՝ կարգապահությունը: Չկա կարգապահություն, ոչ մի հաջողության չես հասնի:

Սրբուհի Բաբայան – Սերը դեպի պարարվեստ և շատ մեծ աշխատասիրություն: Աշխատասիրությամբ կարող ես հասնել ամեն ինչի:

- Հարցս ուղղում եմ Մարինա Գրիգորյանին. ի՞նչ կուզենայիք փոխել կամ ավելացնել պարարվեստում, որ երեխաները ավելի շատ սիրեին ու պահպանեին ազգայինը:

- Շնորիհակալ եմ հարցի համար: Ես շատ բան եմ ուզում փոխել, բայց օրինակ՝ առաջին հերթին կավելացնեի բալետային հիմքի վրա դրված մանկական ներկայացումները: Մենք չունենք, չեմ ուզում ասել նույնիսկ համարյա: Եթե ազգը ունի բալետ և օպերա, ուրեմն այդ ազգն ունի շատ բարչձր մակարդակ: Եթե մենք ունենանք մանկական բալետներ և մանկական օպերաներ, իսկ ծնողները նույնիսկ ստիպողաբար երեխաներին փոքր տարիքից տանեն բալետ և օպերա դիտելու, ապա նրանք կսիրեն, և մեր ազգը շատ կզարգանա: Շատ մարդիկ կան նույնիսկ երբեք բալետային կամ օպերային ներկայացում չի տեսել, բայց ասում է՝ ես չեմ սիրում: Դուք երբեք այդպես չասեք, մինչև չտեսնեք, չլսեք, չփորձեք, երբեք չասեք՝ չեմ սիրում: Նորից եմ ասում, մանկական ներկայացումներ է պետք ավելացնել:

- Հարցս ուղղում եմ մեր հյուրերին. ո՞րն է Ձեր կարգախոսը մասնագիտության մեջ:

Մարինա Գրիգորյան – Սեր, աշխատասիրություն, կարգապահություն և լիարժեք հավատք դեպի ուսուցիչը:

Սրբուհի Բաբայան – Ամենակարևորը սեր, նվիրվածություն, աշխատասիրություն և լինել նվիրյալ  ու սիրել ընտրած մասնագիտությանը:

Աշխեն Բոյաջյան – «Խորեոգրաֆ» պարարվեստի կենտրոնն ունի իր կարգախոսը և մեր կարգախոսն է՝ ուսուցում և վերապատրաստում: Ես կարծում եմ, որ մարդը իր կյանքի բոլոր փուլերում պիտի սովորի և սովորելու համար չկա որևէ տարիքային սահմանափակում: Սովորել, սովորել, սովորել դա ամենակարևոր կարգախոսն է: Սովորելու մեջ շատ կարևոր դեր ունի ուսուցիչը, որովհետև ցանկացած առարկայի երեխան ծանոթանում է ուսուցչի միջոցով, և, պատահական չէ, որ սիրելով ուսուցչին՝ երեխան սկսում է սիրել և սովորել այն առարկան կամ այն գործը, որով ինքը զբաղվում է և հետաքրքրվում է: Տեսնելով ուսուցչի նվիրվածությունը՝ երեխան ինքն էլ է նվիրվում այդ գործին:

- Հարցերը կարծես սպառում չունեին, երեխաների ոգևորությունը՝ նույնպես: Ժամանակն անսահմանափակ չէր, և ընդհատելով հարց ու պատասխան փուլն՝ անցանք երկրորդ հատվածին:

Միջոցառման ավարտից հետո բոլորը միակարծիք էին, որ նմանատիպ միջոցառումներ պետք է հաճախակի կազմակերպել: Մեր սիրելի հյուրերից բաժանվեցինք՝ կրկին հանդիպելու ակնկալիքով:


Տիր Ավանցի

«ՄԻ ԲՈՒՌ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ»

  ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ-ԲԱՆԱՎԵՃ Բարության միջազգային օրվա կապակցությամբ Ավանի մշակույթի տանը կազմակերպվել էր ինտերակտիվ միջոցառում-բանավեճ  ...