вторник, 31 октября 2023 г.

ԿԻՆՈՇԱԲԱԹ

 

    «Ավանի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ը դպրոցական աշնանային արձակուրդների օրերին խիստ մարդաշատ էր, կազմակերպվել էր «100-ամյա հայ կինոն» խորագիրը կրող կրթամշակութային ծրագիրը, որը բաղկացած էր 2 մասից՝ «Հայֆիլմի մուլտդարան» և «Հայ կինոյի լեգենդները»:

Այս գեղեցիկ նախաձեռնության շուրջ զրուցեցինք «Ավանի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի տնօրեն, ծրագրի հեղինակ Սասուն Առաքելյանի, փոխտնօրեն, ծրագրի ուսումնական, կրթական մասի պատասխանատու Մելանյա Գասպարյանի և միջոցառումների կազմակերպիչ, ծրագրի համակարգող Տաթևիկ Գևորգյանի հետ:  

-Պարոն Առաքելյան, ինչպե՞ս ծնվեց կինոշաբաթ անցկացնելու գաղափարն ու ինչպե՞ս դարձավ ծրագիր:

- Կինոն արվեստների և գրականության հրաշալի սինթեզ է, այն միավորում է գրականության, երաժշտության, թատերարվեստի, կերպարվեստի հնարավորությունները և համարվում է արվեստի ամենամասսայական տեսակներից մեկը, ուստի մեր կրթական ծրագրերն իրականացնելիս կարևոր էր նաև այս միջոցի կիրառումը: Այս դատողությունից ելնելով էլ առաջացավ գաղափար ստեղծելու «Կինոշաբաթ» կոչվող կրթամշակութային ծրագիրը:

Առաջին կինոշաբաթը կայացավ անցած հոկտեմբերին՝ «Հայ կինոյի
աշխարհակալը»
խորագ
րով, որը նվիրված էր ականավոր, մեծատաղանդ կինոբեմադրիչ, հայ ազգային կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի 130-ամյակին, որի ընթացքում, 5 օր շարունակ, օրական 2 սեանսով, մեր էկրանին էին մեծ արվեստագետի «Նամուս», «Շոր և Շորշոր», «Զարե», «Անահիտ» և «Պեպո» ֆիլմերը: Այս տարի կինոշաբաթը նվիրեցինք հայ կինոյի ստեղծման 100-ամյակին:

- Ի՞նչ նպատակներ, ակնկալիքներ կային, որոնք արդարացան կամ ոչ այնքան, և ի՞նչ խնդիրներ վերհանեց այս ծրագիրը:

- Հիմնականում մեր առջև դրված նպատակն իրականացավ: Նախ մեր նպատակն է ավանցի երեխաների մոտ ստեղծել բարեկիրթ հանդիսատեսի մշակույթ, ձևավորել այն դատողությունը, որ պետք է մշակույթի տունը ևս դիտարկել որպես մշակութային միջոցառումների դիտելու վայր:

Պատահական չէին ընտրված ցուցադրվող մուլտֆիլմերն ու ֆիլմերը: Ծրագրի շրջանակներում ցուցադրվեցին Հայֆիլմի լավագույն մուլտֆիլմերից «Գտնված երազը», «Պինգվին Վինը», «Պույ-պույ մկնիկը» և «Ձախորդ Փանոսը», իսկ 2-րդ մասում ցուցադրվեցին
Ալբերտ Մկրտչյանի «Հին Օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Խոշոր շահում», «Ուրախ ավտոբուս», «Տխուր փողոցի լուսաբացը»
ֆիլմերը:
Այս ընտրությունը պայմանավորված էր այն
նկատառումով, որ ցանկություն ունեինք մատաղ սերնդին այս միջոցով կապել ազգային արժեք հանդիսացող ստեղծագործություններին:

Եթե խոսենք խնդիրներից, ապա պետք է ցավով արձանագրեմ, որ ավագ և կրտսեր սերունդների միջև մշակութային կապը գրեթե չի գործում: Օրինակ 20-րդ դարում ստեղծված հայ ազգային մշակութային ժառանգությունը այսօր պատշաճ կերպով չի փոխանցվում, կամ չի կարևորվում դրա փոխանցումը մատաղ սերնդին: Սա անհանգստացնող և խորքային քննարկման խնդիր է, որին արժե անդրադառնալ մոտ ապագայում:

- Տիկին Գասպարյան, Դուք լինելով մշակույթի տան փոխտնօրենը, պատասխանատու եք ուսումնական մասի համար և նաև այն ծրագրերի, որոնք ունեն կարևոր կրթական բաղադրիչ: Այս ծրագիրը արդյո՞ք կրում է այդ բաղադրիչը:

- Այո՛, սա կրթամշակութային ծրագիր է, որը կրում էր «100-ամյա հայ կինոն» խորագիրը: Ծրագիրի ընթացքում ցուցադրվեցին հատուկ ընտրված մուլտֆիլմեր և ֆիլմեր, որոնք լավագույնս էին նկարագրում տվյալ ժամանակաշրջանին բնորոշ դրական և բացասական կողմերը։

Ծրագիրը նախաձեռնեցինք և կյանքի կոչեցինք, քանի որ այսօր առավել քան կարևոր է սոցիալ-մշակութային հարաբերություններում՝ բնություն-մարդ հասարակության փոխհարաբերությունների բացահայտումը։ Այս համատեքստում առաջնային խնդիր դիտարկեցինք նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների ձևավորման և զարգացման գործընթացում մուլտֆիլմերի և ֆիլմերի ազդեցությունը և դերը։

Այսօր ուսուցիչների, ծնողների գերխնդիրն է օգնել երեխաներին մուլտֆիլմերի,
ֆիլմերի ընտրության գործում, զարգացնել վերլուծական մտածողությունը, տարբերել չարն ու բարին, լինել մարդասեր ու հանդուրժող, միայն այդ դեպքում կարող ենք դիմակայել ժամանակի մարտահրավերներին։

Այսպիսով, հասարկության մեջ ակտիվ և գրագետ քաղաքացու հետագա զարգացման երաշխիքը՝  յուրաքանչյուր մանակավարժի և ծնողի հոգու  պարտքն է։

- Տաթևիկ Դուք համակարգում էիք կինոշաբաթի աշխատանքները: Ի՞նչ նորամուծություն կար այս տարի, ի՞նչն էր ոգևորիչն ու ի՞նչը չստացվեց:

— Կինոդիտումների մշակույթը մեզանում նոր երևույթ չէ, այն ձևավորվել է դեռևս նախորդ ուսումնական տարվա ընթացքում։ Այս տարի ծրագիրն ավելի ընդլայնված էր, ունեցանք նաև մուլտֆիլմերի դիտումներ, որին մասնակցելու հնարավորություն ունեցան նաև ավելի կրտսեր տարիքի երեխաները:

Դպրոցների հետ համագործակցության փորձ արդեն իսկ ունեինք, իսկ մանկապարտեզների հետ համագործակցությունն այս ձևաչափով առաջին անգամ էր: Ստացված համագործակցության համար ուզում եմ գոհունակությունս հայտնել «Ավանի մսուր մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի տնօրեն Արփինե Ավետիսյանին և բոլոր 7 մանկապարտեզների ղեկավարներին, ովքեր մեծ ոգևորությամբ ընդունեցին մեր համագործակցության առաջարկը և ակտիվորեն մասնակցեցին ծրագրին։

Ցուցադրության բոլոր 5 օրերին էլ մուլտֆիլմի ժամին դահլիճը լեփ-լուցուն էր։ Փոքրիկ հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ էր դիտում յուրաքանչյուր մուլտֆիլմ և նույնիսկ ոգևորությամբ երգում էր հերոսների հետ: Շատ
կցանկանայի, որ դպրոցական երեխաներն էլ ակտիվություն դրսևորեին ֆիլմերի դիտումներին: Բայց հուսահատված չեմ, հավատում եմ, որ աստիճանաբար կհասնենք մեր ցանկալի արդյունքին:

    «Ավանի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի տարեգրության մեջ գրվեց ևս մեկ գեղեցիկ էջ, որ նվիրված էր հայ կինոյի 100-ամյակին: Վստահաբար կարող ենք ասել, որ ամեն անգամ այս էջը թերթելիս հիշողության ջերմ ու բարի պատառիկներ կարթնանան, որտեղից իրենց ջինջ աչուկներով մեզ կնայեն մեծ էկրանի առջև հիացած ու կախարդանքի սպասող հարյուրավոր փոքրիկներ, իսկ մշակույթի տան տնօրենությունը խոստացավ, որ ծրագիրը շարունակական է լինելու:


Комментариев нет:

Отправить комментарий

«ՄԻ ԲՈՒՌ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ»

  ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ-ԲԱՆԱՎԵՃ Բարության միջազգային օրվա կապակցությամբ Ավանի մշակույթի տանը կազմակերպվել էր ինտերակտիվ միջոցառում-բանավեճ  ...