понедельник, 30 октября 2023 г.

«ԱՐԵՎՈՐԴԻՔ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ԽՈՒՄԲ

 

    Ավանի մշակույթի տունը կարևորում է ազգային մշակույթի կրթությունը, պահպանումն ու փոխանցումը նոր սերնդին: Այս առումով իրականացրել և իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնցից հերթականը «Արևորդիք» մանկապատանեկան ազգային ավանդական երգի-պարի խմբի ստեղծումն է, որն ի դեպ գործելու է անվճար:

 Այս նորաստեղծ խումբը ղեկավարելու է մանկավարժ, երաժիշտ, բանահավաք, նկարիչ, քանդակագործ, «Վերադարձ» էթնիկ երգի-պարի անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանը, ով հայտնի անուն է ազգային երաժշտարվեստում:

    Լինելով մանկավարժ, արվեստագետ, ոգեշնչվելով նախնյաց ակունքներից՝ գրեթե 20 տարի մշեցուն վայել
բծախնդրությամբ
, իր
«Վերադարձ» համույթի հետ ներկայացնում է մաքրամաքուր, բարձրարժեք ազգային մշակույթը։ Շնորհիվ Ալեքսանդր Ավետիսյանի՝ «Վերադարձ ընտանիքի» սերունդներն այսօր ոչ միայն Հայաստանում, այլև համասփյուռ աշխարհում հայ մշակույթի նվիրյալներ են:

«Ո՞րն է «Արևորդիք» մանկապատանեկան ազգային ավանդական երգի-պարի խմբի ստեղծման հիմնական նպատակը» հարցին ի պատասխան՝ Ավանի մշակույթի տան տնօրեն Սասուն Առաքելյանն ասաց.

- Այս խմբի ստեղծման հիմնական նպատակն է պահպանել և տարածել հայկական ազգային ավանդական երգերն ու պարերը, այն ավելի ճանաչելի դարձնել երիտասարդներին ու փոխանցել  սերնդեսերունդ: Ժամանակին, երբ պետականություն չենք ունեցել, մեր մշակույթն է պահել մեր ժողովրդին: Այսօր մեր հերթն է պահելու ու պահպանելու մեր ազգային ավանդական մշակույթը:

«Ի՞նչ կարգախոսով, սկզբունքներով ու ակնկալիքներով եք սկսում այս անչափ պատասխատանատու գործը» հարցին Ալեքսանդր Ավետիսյանը պատասխանեց.

- «Պահպանենք մեր ազգային ինքնությունը» ահա սա է այն կարգախոսը, որով առաջնորդվում եմ: Կոմիտասն ասել է. «Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեցեք նրանից», իսկ ես ժողովրդից սովորածս ուզում եմ փոխանցել երեխաներին, դրանով նրանց կրթել ու դաստիարակել որպես հայ: Այս խումբը բացել ենք՝ հիմքում ունենալով այն կարևորագույն սկզբունքը, որ ավանդական երգերի-պարերի ուսուցումն իրականացվելու է իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որևէ ժամանակակից մշակման: 

Ամեն ինչ անելու ենք, որ մեր սաները երգերը սովորեն և կատարեն
բացառապես ազգային նվագարանների  (դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ ... ) նվագակցությամբ, որպեսզի սովորեն հայկական ազգային հնչերանգին ու ձայներանգին:

Հայ ավանդական երգարվեստի և պարարվեստի պահպանման, տարածման ու սերունդներին փոխանցելու յուրատեսակ առաքելությունն իր վրա վերցրած այս խմբին միանալու հնարավորություն ունեն բոլոր երեխաներն, ովքեր անվճար կսովորեն և կճանաչեն իսկական, մաքրամաքուր հայ ազգային ավանդական երգերն ու պարերը:

Կոմիտասն ասում էր. «Պարն է արտահայտում յուրաքանչուր ազգի բնորոշ գծերը, նամանավանդ, բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:

Ա՛յո, ազգային պարերը, երգերը ճանաչել, իմանալ և սովորել է պետք… Այսօր առավել քան արդիական խնդիր է մեր ազգային մշակույթի պահպանումն ու փոխանցումը սերունդներին, իսկ այս նպատակի իրագործմանն է միանում նաև Ավանի մշակույթի տան «Արևորդիք» մանկապատանեկան ազգային ավանդական երգի-պարի խումբը:

Վերադարձ համույթ - Խանիման Ջանիման

Комментариев нет:

Отправить комментарий

«ՄԻ ԲՈՒՌ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ»

  ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ-ԲԱՆԱՎԵՃ Բարության միջազգային օրվա կապակցությամբ Ավանի մշակույթի տանը կազմակերպվել էր ինտերակտիվ միջոցառում-բանավեճ  ...